Ի՞նչ խնդիրների կարող են բախվել գործատուներն իրենց նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրերը լուծելիս. Շուշանիկ Ստեփանյանը պրակտիկայում առաջացող խնդիրները ներկայացրել է ABBC-ի անդամներին
24/05/2024
Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան, փաստաբան Շուշանիկ Ստեփանյանը Հայ-բրիտանական (ABBC) գործարար պալատի կազմակերպած Business Talks-ի շրջանակում պալատի անդամներին այսօր է ներկայացրել գործատուների նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրերը լուծելիս պրակտիկայում առաջացող խնդիրները։
Նա մասնավորապես խոսել է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրերի լուծման՝ պրակտիկայում առավել հանդիպող հիմքերից երկուսի մասին՝ աշխատողների քանակի և/կամ հաստիքների կրճատման և աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում առաջացող խնդիրներից, որոնք վեր են հանվել Կոնցեռն Դիալոգում աշխատանքի արդյունքում։
Շուշանիկ Ստեփանյանը մասնակիցներին է ներկայացրել իր մասնագիտական մոտեցումները, խոսել դատարաններում աշխատանքային վեճերի լուծման պրակտիկայի զարգացման ուղղություններից։
Նշենք, որ Շուշանիկ Ստեփանյանը ընկերությունում մասնագիտացած է աշխատանքային և քաղաքացիական դատավարության ոլորտներում։ Մասնավորապես, նրա աշխատանքը ներառում է ինչպես աշխատանքային իրավունքով խորհրդատվության տրամադրումը, այնպես էլ աշխատանքային վեճերով [ինչպես գործատուների, այնպես էլ աշխատակիցների] ներկայացուցչության իրականացումը։
Նախկինում աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական: