Հայաստանի օրենսդրությամբ օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ պայմաններ են ստեղծված․ Կոնցեռն Դիալոգի գործընկեր Լիլիթ Կարապետյանը ելույթ է ունեցել Ներդրումային արբիտրաժին նվիրված կոնֆերանսին
25/06/2024
Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանն անցյալ շաբաթ մասնակցել է ներդրումային արբիտրաժին նվիրված ArbMenia կոնֆերանսին՝ հանդես գալով որպես միջոցառման կազմակերպիչներից ու բանախոսներից մեկը։
Նա, որպես Առևտրի միջազգային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահ, կոնֆերանսի առաջին օրը ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, ոլորտի զարգացման համար իրականացված ու իրականացվող աշխատանքը։
Կոնֆերանսի երկրորդ օրը Լիլիթ Կարապետյանը խոսել է օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում առկա հնարավորություններից և իր փորձից ելնելով՝ շեշտել է, որ երկիրը բարենպաստ պայմաններ է ստեղծել օտարերկրյա ներդրողների համար։ Նա ընդգծել է, որ երկիրը հնարավորություն է տալիս դառնալ ընկերություների բաժնետերեր, տնօրեններ, ինչպես նաև ունենալ պաշտպանության մեխանիզմներ ինչպես երկկողմանի ներդրումային համաձայնագրերով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ։ Լիլիթ Կարապետյանն անդրադարձել է նաև սահմանափակումներին՝ նշելով, որ դրանք բավականին քիչ են ու վերաբերում են կոնկրետ ոլորտների։
Հիշեցնենք, որ ArbMenia կոնֆերանսը կազմակերպվում է երկրորդ տարին, որի նպատակն է բացահայտել ներդրումային արբիտրաժի դերը Հայաստանում և տարածաշրջանում։ Այն մեկ հարկի տակ է հավաքում ոլորտի պրոֆեսիոնալների տարբեր երկրներից։ Միջոցառումը նախաձեռնել է Առևտրի միջազգային պալատի (ICC) հայաստանյան ազգային կոմիտեն ICC հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի հետ։
Կոնցեռն Դիալոգը, կարևորելով արբիտրաժի զարգացումը Հայաստանում, հանդես է եկել միջոցառման հովանավորներից։