Ռազմավարական միավորում․ Կոնցեռն Դիալոգը և Կնյազյան ընդ Փարթնրսը միավորվել են՝ ուժեղացնելով ընկերության մտավոր սեփականության իրավունքի ոլորտը
30/08/2024
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը և Կնյազյան ընդ Փարթնրս իրավաբանական ընկերությունները (վերանվանվել էր՝ Առլույս ՓԲԸ*) հայտարարում են գրասենյակների միավորման մասին։ Ռազմավարական այս միության արդյունքում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն ուժեղացնելու և ընդլայնելու է մտավոր սեփականության ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը՝ հիմնվելով այդ ոլորտում հեղինակավոր Կնյազյան ընդ Փարթնրսի բազմամյա փորձի և ձևավորված յուրահատուկ լուծումների վրա։
Կնյազյան ընդ Փարթնրսի հաճախորդները հնարավորություն են ստանում օգտվելու իրավունքի տարբեր ոլորտներում մասնագիտացած Կոնցեռն Դիալոգի ծառայություններից, որը, Chambers and Partners-ը, Legal 500-ը, IFLR1000-ը, Who's Who Legal-ը և մի շարք այլ միջազգային առաջատար վարկանշավորող կազմակերպությունների կողմից ճանաչված է որպես առաջատար փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցող գրասենյակ Հայաստանում։
Միավորման արդյունքում Կնյազյան ընդ Փարթնրսի համահիմնադիր Սարգիս Կնյազյանը՝ որպես Խորհրդատու գործընկեր, կղեկավարի Կոնցեռն Դիալոգի մտավոր սեփականության պրակտիկան՝ ընկերության վստահորդներին հնարավորություն տալով օգտվել այս ոլորտում իր ունեցած ավելի քան երկու տասնամյակի փորձից։
Մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում Կոնցեռն Դիալոգի մատուցած ծառայությունների ցանկին ծանոթանալու համար անցեք հղումով կամ զանգահարեք՝ +374 60 27 88 88։
* ԱՄՆ-ում գործող Առլույս իրավաբանական ընկերությունը շարունակում է ամբողջությամբ պատկանել Խաչատուր Պապանյանին և այս վերակազմակերպման մաս չէ: