Հայաստանի օրենսդրությամբ օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ պայմաններ են ստեղծված․ Կոնցեռն Դիալոգի գործընկեր Լիլիթ Կարապետյանի ելույթը քաղաքացիական իրավունքի ֆորումում
20/09/2024
Սեպտեմբերի 13-ից 14-ը Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական ինստիտուտում տեղի է ունեցել Քաղաքացիական իրավունքի ֆորումը՝ նշելու Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի 20-ամյակը։ Ֆորումի ժամանակ ներդրումային արբիտրաժին նվիրված պանելային քննարկմանը ելույթ է ունեցել Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը։
Նա խոսել է օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում առկա հնարավորություններից և իր փորձից ելնելով՝ շեշտել է, որ օրենսդրությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծված օտարերկրյա ներդրումների իրականացման համար: Նա ընդգծել է, որ օրենսդրությամբ հնարավորինս սակավ սահմանափակումներ են սահմանված օտարերկրյա ներդրողների համար, ինչպես նաև գրեթե բոլոր ոլորտներում առկա է օրենսդրական կանխատեսելիություն:
Բանախոսները քննարկել են երկկողմանի ներդրումային համաձայնագրերով ներդրողներին տրված պաշտպանության մեխանիզմները, այս համաձայնագրերի թարմացման և նորացման հիմնահարցերը, ինչպես նաև ներդրումային արբիտրաժի այն գործերը, որտեղ ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը: