Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան Եվգենյա Նիկողոսյանը մասնակցել է հեղինակային իրավունքի կոլեկտիվ կառավարման միջազգային աշխատաժողովին
26/12/2025
Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան, փաստաբան, արտոնագրային հավատարմատար Եվգենյա Նիկողոսյանը մասնակցել է Երևանում անցկացված միջազգային աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) և Հայաստանի մտավոր սեփականության գրասենյակի (AIPO) կողմից։ Աշխատաժողովը նվիրված էր հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման ոլորտի արդի զարգացումներին և միջազգային լավագույն փորձին։
Միջոցառումը ծառայել է որպես կարևոր մասնագիտական հարթակ՝ փորձի փոխանակման, ոլորտային քննարկումների և կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են WIPO-ի կողմից տրամադրվող ծառայությունները կոլեկտիվ կառավարման ոլորտում, ինչպես նաև լիցենզավորման, հավաքագրման և բաշխման արդյունավետ մեխանիզմները։
Առանձին ուշադրություն է դարձվել հեղինակային իրավունքի ենթակառուցվածքին, հեղինակային վարձատրության սահմանման արդյունավետ մոդելներին, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող վերահսկողության և մշտադիտարկման լավագույն փորձին։ Քննարկումների առանցքում էին նաև թվային դարաշրջանում իրավունքների կոլեկտիվ կառավարման առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները։
Աշխատաժողովին որպես բանախոսներ հանդես են եկել միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներ, եվրոպական երկրների ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառույցների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Մասնակիցների շարքում էին շահագրգիռ պետական մարմինների, մասնագիտական և հասարակական հատվածի ներկայացուցիչներ։
Կոնցեռն Դիալոգի մասնակցությունը նման միջոցառումներին կարևոր է միջազգային իրավական փորձի ուսումնասիրության, ոլորտային զարգացումների մշտադիտարկման և մտավոր սեփականության իրավունքի ոլորտում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման տեսանկյունից։
Ծանոթագրություն
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց է, որը զբաղվում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով համաշխարհային մակարդակում։ WIPO-ն աջակցում է պետություններին և մասնագիտական կառույցներին հեղինակային իրավունքի, արդյունաբերական սեփականության և հարակից ոլորտների արդյունավետ իրավական կարգավորման և միջազգային համագործակցության զարգացման գործում։