Կիբեռանվտանգություն 2026․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը Chambers-ի Global Practice Guide 2026-ում

Հեղինակավոր Chambers Global Practice Guides – Cybersecurity 2026 միջազգային ուղեցույցում հրապարակվել է Հայաստանի մասին գլուխը, որի հեղինակներն են Ընկերության ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը, ավագ իրավաբան Անի Մկրտումյանը և իրավաբանի օգնական Աշոտ Աղգաշյանը։

Chambers Global Practice Guides-ը համարվում է աշխարհի առաջատար իրավական ուղեցույցներից մեկը՝ տարբեր երկրների օրենսդրության և պրակտիկայի համեմատական վերլուծության ոլորտում։

Հայաստանին նվիրված բաժնում ներկայացված է կիբեռանվտանգության ոլորտի գործող և նոր ձևավորվող իրավական կարգավորումների համապարփակ ուսումնասիրություն։  Անդրադարձ է կատարվել հատկապես 2026 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Կիբեռանվտանգության մասին ՀՀ օրենքին», որը հիմք է դրել ոլորտի պետական կարգավորման նոր համակարգին։

Հրապարակման շրջանակում վերլուծվել են այն հիմնական իրավական պահանջները, որոնք առնչվում են կենսական նշանակություն ունեցող ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններին, այդ թվում՝ ֆինանսական, հեռահաղորդակցության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներին։

Ուղեցույցն անդրադառնում է մասնավորապես՝

• կիբեռանվտանգության ոլորտի նոր իրավական համակարգին և ոլորտը կարգավորող մարմինների լիազորություններին,

• կենսական նշանակություն ունեցող ոլորտներում գործող տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կարգավորմանը,

• կազմակերպությունների համար նախատեսված պարտադիր կիբեռանվտանգության պահանջներին, ներառյալ ռիսկերի գնահատումը, ներքին քաղաքականությունների ընդունումը, պատասխանատու մասնագետների նշանակումը և պարբերական աուդիտների իրականացումը,

• կիբեռմիջադեպերի մասին ծանուցման նոր կանոններին և ժամկետներին, ներառյալ 24 ժամվա ընթացքում իրավասու մարմիններին տեղեկացնելու պարտականությանը,

• ֆինանսական կազմակերպությունների համար սահմանված օպերացիոն կայունության և կիբեռանվտանգության պահանջներին, այդ թվում՝ պարտադիր ներթափանցման թեստավորումներին (penetration testing),

• կիբեռանվտանգության և անձնական տվյալների պաշտպանության փոխկապակցվածությանը, ինչպես նաև տվյալների արտահոսքի դեպքում կիրառվող պարտականություններին,

• արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում ձևավորվող իրավական մոտեցումներին։

Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտի իրավական կարգավորումների արագ զարգացման պայմաններում հրապարակումը կարևոր ուղեցույց է բիզնեսի, պետական մարմինների, ֆինանսական կազմակերպությունների և տեխնոլոգիական ընկերությունների համար՝ նոր պահանջները գնահատելու և դրանց համապատասխանելու ուղղությամբ։

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21