Երեք ինտենսիվ օր և թեժ քննարկումներ․ ավարտվեց «Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոցը»

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերության և ՀԱՀ-ի LL.M. (իրավագիտության մագիստրոս) ծրագրի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Կորպորատիվ իրավունքի ամառային դպրոցը»։ Եռօրյա ինտենսիվ դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան ոլորտի առաջատար փորձագետների հետ քայլ առ քայլ քննարկելու և վերլուծելու բիզնես իրավունքի և կորպորատիվ կառավարման առանցքային ու գործնական թեմաները։

Դասընթացը կառուցված էր այնպես, որ մասնակիցներին փոխանցվեին առավել արդիական և կիրառական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից բիզնես միջավայրում հաջողությամբ գործելու համար։ Եռօրյա ծրագրի հիմնական ուղղություններն էին.

  • Կորպորատիվ իրավունքի հիմունքները. Մանրամասն անդրադարձ կատարվեց ՍՊ և բաժնետիրական ընկերությունների իրավական առանձնահատկություններին ու հիմնական տարբերություններին, կանոնադրական կապիտալի ձևավորմանը, ինչպես նաև ՀՀ-ում արժեթղթերի պահառության ու ռեեստրավարման համակարգին։

  • Բաժնետերերի իրավունքներն ու կառավարումը. Քննարկվեցին ընկերության կառավարմանը մասնակցելու նրբությունները, կորպորատիվ հիմնական գործարքները, ներդրումային գործիքները, բաժնետիրական ու օպցիոն համաձայնագրերն ու փոխարկելի փոխառությունները։

  • Կորպորատիվ կառավարման համակարգը. Մասնակիցները ծանոթացան կորպորատիվ կառավարման ժամանակակից համակարգերին, դրանց պատասխանատուների դերին, շահութաբաժինների բաշխման մեխանիզմներին, ինչպես նաև բաժնետերերի նախապատվության և դատարան դիմելու իրավունքներին։

Դասընթացի ընթացքում իրենց բազմամյա գործնական փորձով, տեղական ու միջազգային շուկաների լավագույն փորձով և գործնական օրինակներով (case studies) մասնակիցների հետ կիսվեցին ոլորտի ճանաչված ու առաջատար մասնագետները.

  • Նարինե Բեգլարյան — Կոնցեռն Դիալոգ

  • Լիլիթ Կարապետյան — Կոնցեռն Դիալոգ

  • Անի Մկրտումյան — Կոնցեռն Դիալոգ

  • Նարինե Մելիքյան — Կորպորատիվ կառավարման կենտրոն

  • Արաքսյա Հարությունյան — ROQ Capital

Վստահ ենք, որ ստացված գործնական գիտելիքներն ու հմտություններն իրենց լավագույն կիրառությունը կգտնեն մասնակիցների հետագա մասնագիտական գործունեության և բիզնես նախագծերի հաջող իրականացման գործում։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21