Հայաստանյան առաջատար բանկի Խորհրդի նախկին նախագահ Ռաֆայել Սարգսյանը միանում է Կոնցեռն Դիալոգին՝ որպես խորհրդատու գործընկեր

Կոնցեռն Դիալոգին է միացել փաստաբան, ի․գ․թ․ Ռաֆայել Սարգսյանը՝ որպես խորհրդատու գործընկեր:
Հայաստանի բանկային ոլորտում ավելի շուրջ 20 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում Ռաֆայել Սարգսյանը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ՝ ղեկավարելով առաջատար հայաստանյան բանկերից մեկի իրավաբանական ծառայությունը, իսկ 2022–2026 թվականներին՝ զբաղեցնելով բանկի Խորհրդի նախագահի պաշտոնը։
 
Նրա մասնագիտական փորձառությունն ընդգրկում է բանկային և կորպորատիվ իրավունքը, ֆինանսական կարգավորումը, կորպորատիվ կառավարումը, ֆինանսական գործիքներն ու արժեթղթերը, ինչպես նաև համապատասխանության հարցերը։ 
2008 թվականից Ռաֆայել Սարգսյանը դասավանդել է բանկային և կորպորատիվ իրավունք Ռուս-Հայկական և Երևանի պետական համալսարանների իրավագիտության ֆակուլտետներում։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է։
 
Բանկային, ֆինանսական և կորպորատիվ իրավունքը տարիներ շարունակ Կոնցեռն Դիալոգի հիմնական մասնագիտական ուղղություններից են։ Ռաֆայել Սարգսյանի՝ բանկային համակարգում ձևավորված իրավական, կառավարչական և կորպորատիվ կառավարման փորձը լրացնում և ամրապնդում է Ընկերության այս ոլորտներում արդեն իսկ ձևավորված փորձառությունը և ընդլայնում հաճախորդներին առաջարկվող մասնագիտական հնարավորությունները։
«Կոնցեռն Դիալոգում մենք հաճախորդների խնդիրներին մշտապես մոտենում ենք ոչ միայն իրավական, այլև գործնական և բիզնեսի տեսանկյունից։ Ռաֆայելի փորձը, որը ձևավորվել է ինչպես իրավաբանի, այնպես էլ ֆինանսական կազմակերպության բարձրագույն ղեկավարի դերում, լիովին համահունչ է այս մոտեցմանը և հնարավորություն է տալիս այն էլ ավելի խորացնել»,– ասում է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը։
«Բանկային համակարգում երկար տարիների ընթացքում ձեռք բերած իրավական և կառավարչական փորձը ցանկանում եմ կիրառել ավելի լայն շրջանակի հաճախորդների և բիզնեսների հետ աշխատանքում։ Կոնցեռն Դիալոգը բանկային և կորպորատիվ իրավունքի ոլորտներում ունի երկարամյա փորձառություն և ուժեղ թիմ, որի մասնագիտական մոտեցումներն ու արժեքները մոտ են իմ մոտեցումներին։ Հատկապես հետաքրքրված եմ բանկային և ֆինանսական կարգավորման, կորպորատիվ կառավարման և բարդ կորպորատիվ հարցերի շուրջ մեր պրակտիկայի հետագա զարգացման հնարավորություններով»,– նշում է Ռաֆայել Սարգսյանը։
 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21