«Իրավունքը զարգացման գրավական»․ հայկական առաջին իրավական ցուցահանդեսում դասախոսություններով հանդես եկան «Կոնցեռն Դիալոգի» փաստաբանները

«Իրավունքը զարգացման գրավական»․ հայկական առաջին իրավական ցուցահանդեսում դասախոսություններով հանդես եկան «Կոնցեռն Դիալոգի» փաստաբանները

Ապրիլի 23֊ին ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Իրավունքը զարգացման գրավական» կարգախոսով ցուցահանդեսը, որի նպատակն էր նպաստել հանրային իրավագիտակցության բարձրացմանը և ընդհանրապես, իրավական մշակույթի ձևավորմանը․ Հայաստանում մի քանի տասնյակ փաստաբանական գրասենյակ է գործում, ավելի քան 40֊ը ցուցահանդեսին մասնակցելու հայտ էր  ներկայացրել։ 

Ցուցահանադեսի շրջանակներում իրավաբանների ու նաև ոչ իրավաբանների համար իրավունքի տարբեր հարցերին վերաբերող դասախոսություններ անցկացվեցին, բանախոսներից երկուսը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանն ու նույն ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն էին։

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Սեդրակ Ասատրյանը սեմինար֊քննարկումների շրջանակներում ունկնդիրներին ներկայացրեց «Փաստաբանական գրասենյակների կառավարման հմտությունները» թեման։ Անդրադառնալով փաստաբանական գրասենյակների կառավարման առանձնահատկություններին՝ բանախոսը նշեց․ «Փաստաբանական գրասենյակների կառավարումն ունի իր առանձնահատկությունները։ Փաստաբանությունը բիզնես է, բայց ոչ սովորական, փաստաբանը վճարովի, երբեմն նաև անվճար, հիմունքներով իրավունքի պաշտպանություն, նաև խորհրդատվական ծառայություն է մատուցում»։ Սեդրակ Ասատրյանը խոսեց նաև փաստաբանական գրասենյակների ստեղծման մշակույթի, փաստաբանության մեջ թիմային աշխատանքը զարգացնելու անհրաժեշտության, ինչպես նաև առավելությունների մասին։  «Թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել լավագույն արդյունքների, թիմ, որտեղ կարող են հնչել տարբեր կարծիքներ, գտնել լավագույն լուծումներ»։

«Հեղափոխություն, իրավական պետություն, հանրային ազատություններ» խորագրի ներքո կոնֆերանսին «Փաստաբանը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով  դասախոսությամբ հանդես եկավ «Կոնցեռն Դիալոգ»֊ի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա անդրադարձավ անցած մեկ տարվա ընթացքում  փաստաբանների դերին, երկրում ծագած իրավական խնդիրներին, մարդու իրավունքների՝ մասնավորապես անմեղության կանխավարկածի խախտումներին, դատարանների նկատմամբ անթաքույց ու  հրապարակային ճնշումներին։

«Շատ խնդիրներ ծագում են իրավական համակարգի ոչ լիարժեք զարգացած լինելու պատճառով»,֊ ընդգծեց Արամ Օրբելյանը շարունակելով,֊ «քանի դեռ մեր երկրում չկա Սահմանադրության 3-րդ հոդվածի ընկալումը, չի կարող լինել ժողովրդավարություն», իսկ Սահմանադրության  3-րդ հոդվածում ամրագրված է՝ «1․Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3.Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»։

Դժվար, բայց նաև հետաքրքիր ժամանակներ են, մասնավորապես փաստաբանների համար։ «Փաստաբանը պետք է չխառնվի քաղաքական գործընթացներին, իսկ հանրությունն էլ չպետք է նույնականացնի փաստաբանին իր վստահորդի հետ։ Չկա արդարադատություն առանց փաստաբանի։ Փաստաբաններն, իմ բնորոշմամբ, ժողովրդավարության խոսնակներն են։ Այն երկրում, որտեղ կա դիկտատուրա, դատարանը չի կարող անկախ լինել, իսկ այդպիսի երկրներում փաստաբանն իր գործունեությամբ պետք է ահազանգի հանրությանը օրենքի և իրավունքի խախտման մասին»,֊ամփոփեց միտքը Արամ Օրբելյանը, ապա պատասխանեց կոնֆերանսի մասնակիցների հարցերին։

Կոնֆերանսին դասախոսություններով հանդես եկան նաև Ֆրանսիայից ժամանած Փարիզի փաստաբանների միության անդամ հայտնի փաստաբաններ։  

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21