Փաստաբանության ինստիտուտն ունի կենտրոնական դերակատարում իրավունքի գերակայության զարգացման հարցում․ Արամ Օրբելյանը ելույթով է հանդես եկել միջազգային համաժողովին

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն ապրիլի 28-ին ելույթով է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ կազմակերպված «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովին։

Նա խոսել է փաստաբանության դերի մասին իրավունքի գերակայության զարգացման գործում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարել փաստաբանական գրասենյակների կողմից` որպես փաստաբանական էթիկայի պահպանման հավելյալ օղակի նշանակությանը, միասնական փաստաբանության համակարգի պայմաններում: Արամ Օրբելյանը մատնանշել է միասնական փաստաբանական ինստիտուտի անհրաժեշտությունը` որպես իրավունքի գերակայությունն ապահովող կարևոր բաղադրատարրի: Բանախոսը ներկայացրել է վերջին ժամանակներում եվրոպական տարածաշրջանում առաջ եկող բարդագույն խնդիրներից մեկի՝ վստահորդի և փաստաբանի նույնացման հարցը, և դրա լուծման ոլորտում փաստաբանական գրասենյակների և փաստաբանության դերը: Բանախոսը նաև կարևորել է անդրսահմանայաին փաստաբանական ցանցերի և միությունների դերը մասնագիտական ստանդարտների և ծառայությունների բարձր որակը ապահովելու հարցում:

«Հասարակությունում մենք պետք է արմատավորենք այն մոտեցումը, որ փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը, և դա բնավ չի նշանակում, որ փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Նա ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Մեր առաքելությունն է անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից, ինչպես նաև անձի իրավունքների և շահերի պաշտպանություն քաղաքացիական և վարչական գործընթացներում, և այդ ընթացքում փաստաբանին իր վստահորդի հետ նույնականացնելը սխալ է»,- ելույթում նշել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։ Միևնույն ժամանակ, փաստաբաններն էլ իրենց մասնագիտական սկզբունքներին համապատասխան պետք է իրենց գործողություններով կամ ելույթներով չթողնեն վստահորդի հետ նույնականացվելու տպավորություն։

Միջազգային համաժողովի ընթացքում ելույթներով են հանդես եկել ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21