Տեսական ու գործնական գիտելիքներ արբիտրաժի վերաբերյալ․ Արամ Օրբելյանը դասավանդել է Արբիտրաժային ամառային դպրոցում իրավաբան ուսանողների համար

ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների 20 ուսանողի համար այսօր Ծաղկաձորում մեկնարկել է Արբիտրաժային ամառային դպրոցը, որն իրականացնում է ՀՀ արբիտրների ասոցիացիան Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արբիտրների ասոցիացիայի նախագահ, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։ Բանախոսները կարևորել են ՀՀ-ում վեճերի լուծման ավանդական մեխանիզմներից (դատարաններից) զատ, այլընտրանքային լուծման մեխանիզմների, այդ թվում՝ արբիտրաժի զարգացումը։

Ամառային դպրոցի առաջին օրը դասընթացավարներից Արամ Օրբելյանը մասնակիցների համար մանրամասնել է արբիտրաժի տարբերությունը դատարանից, արբիտրաժի հիմնական առավելություններն ու թերությունները, տեսակները, անդրադարձել է հիմնական իրավական գործիքներին, որոնք կիրառվում են արբիտրաժային տիրույթում։

Ոլորտի վերաբերյալ ներպետական օրենսդրության ներկայացումից բացի, առանձին քննարկման առարկա են դարձել նաև միջազգային կարգավորումները։

Նշենք, որ ամառային դպրոցն իրականացվում է Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:

ՀՀ արբիտրների ասոցիացիայի և Եվրոպայի խորհրդի նպատակն է ամառային դպրոցի միջոցով նպաստել արբիտրաժի վերաբերյալ Երևանի և Հայաստանի մարզերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը։

Քառօրյա ինտենսիվ դասընթացի ժամանակ, տեսական գիտելիքների տրամադրումից բացի, տեղի են ունենալու նաև քննարկումներ, գործերի քննություններ ու դատախաղեր։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21